Դատախազությունը պահանջում է Արամ Դանիելյանից և 2 անձից 809 մլն դրամի գույք բռնագանձել

Արամ Դանիելյան
Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նշված հայցադիմումով դատախազությունը պահանջում է`
11 անշարժ գույք Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ։
մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում։
156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։
Հիշեցնենք, որ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։
Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018–ի սեպտեմբերին։
Նույն տարվա մարտի 1-ին հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը (102 մլն դրամ)։