Դատախազությունը Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշում է կայացրել

Անի Հարությունյան
Բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր գլխավոր դատախազության միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 11-ին միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
ԲԴԽ-ն գլխավոր դատախազության` դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ: ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում:
«Այդ ամենի հիման վրա 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Որոշումը իրազեկման նպատակով ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: