Այգավան-Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ծախսվել է շուրջ 260 մլն դրամ

Այգավան–Եղեգնավան ավտոճանապարհ
Բացի ավտոճանապարհից հիմնանորոգվել են նաև փոքր կամուրջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Այգավան–Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտված է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«2.9 կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արարատի մարզով։ Տեղական նշանակության ճանապարհը, որ Այգավանը միացնում է Եղեգնավանին, հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով՝ 259 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Նորոգվել են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջները»,– ասված է հաղորդագրությունում։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այս ճանապարհով են գյուղացիներն իրենց բերքը հասցնում շուկաներ։
Նշվում է նաև, որ հունիսին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը, ծանոթանալով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարել էր նորոգել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը։
«Արարատ ճանշին» ընկերության կողմից ուղեանցի ծածկը նույնպես նորոգվել է, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։