«Սուրմալու» առևտրի կենտրոնի մասնակի կանգուն մնացած մասնաշենքը քանդվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի կիսաքանդ շենքը. Արխիվային լուսանկար
Այսօրվանից կվերականգնվի Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար երկկողմանի երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը քանդվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Առևտրի կենտրոնի քանդման աշխատանքներն իրականացվել են սեփականատիրոջ կողմից։ Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել։ Այս պահին աշխատանքներ են տարվում հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Լեւոն Սարդարյանը նշել է նաև, որ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար երկկողմանի երթևեկությունը այսօրվանից վերականգնվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։