ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը բողոք է հայտնել ռուսական սահմանների մոտ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) փորձարկելու կապակցությամբ:
«Հոկտեմբերի 12–ին Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը վճռական բողոք է արտահայտվել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների շրջանակում ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող Յաուսուբեցու (Հոկայդո) զորավարժարանում հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի փորձարկման կապակցությամբ»,–ասված է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ ավելի վաղ, երբ վարժանքների հարթակը նոր էր ստեղծվում, Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այդպիսի հեռահարության ՀԿՌՀ-ների փորձարկումների համար այն օգտագործելու ծրագրեր չկան։
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` տարակուսանք է առաջացնում նաև այն, որ ճապոնական ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչներին թույլ են տվել մտնել զորավարժարան, վարժանքների անցկացումը կապել են «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի» հետ։
«Կայացած զորավարժությունները դիտարկում ենք որպես մեր երկրի հեռավորարևելյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված մարտահրավեր և պնդում ենք, որ նման գործողություններն անհապաղ դադարեցվեն։ Ճապոնական կողմին զգուշացվել է նաև պատասխան համարժեք միջոցների անխուսափելիության մասին՝ Ռուսաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքներն արգելափակելու նպատակով»,– հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային ուժերը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց շրջանակում գործի են դրվել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Զորավարժությունների ընթացքում մշակվել է ճապոնական հեռավոր կղզիների վրա պայմանական հակառակորդի հարձակման կանխարգելումը։