ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ և ստորագրահավաք են անցկացնում համալսարանի տարածքում։ Համալսարանի ղեկավարությունն այսօր ուսանողներին հայտնել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։
Ստորագրահավաք
© Sputnik / Asatur Yesayants
Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը մոտեցավ ուսանողներին և ներկայացրեց իրավիճակը՝ բացատրելով, որ բուհերի խոշորացման գործընթաց է լինելու։
Նշենք, որ գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 16 պետական բուհերից նախատեսվում թողնել 8-ը:
«Մենք սպասում էինք, թե երբ կլինի այդ նախագիծը, երբ կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները՝ կոնկրետ որ համալսարանը որի՞ հետ է միավորվում, ինչո՞ւ, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ հիմնավորմամբ: Եվ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մեր համալսարանի հարցը քննարկվել է, որից հետո մենք տեղեկացել ենք, որ առաջնահերթ խոշորացման ծրագրում է Բրյուսովի անվան համալսարանը: Երեկ ենք իմացել, որ պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով ֆիզկուլտ ինստիտուտը և Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Բողոքի ալիքը` թե՛ աշխատակազմի, թե՛ դասախոսների, թե՛ ուսանողության, այդ լուրի տարածումից հետո է եղել»,–ասաց Հարությունյանը։
Ուսանողների բողոքի ակցիան
© Sputnik / Asatur Yesayants
Ուսանողներն իրենց հերթին հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ որոշման նախագիծը կյանքի չկոչվի։
«Մեր ակցիայի նպատակն է, որ մեր համալսարանը ոչ մի համալսարանի կազմի մեջ չմտնի և լինի այնպիսին, ինչպիսին այսօր է։ Հակառակ դեպքում այն մասնագիտությունները, որոնք մենք ընտրել ենք և ուզում ենք հետագայում այդ գծով համապատասխան դիպլոմ ստանալ, կրճատվելու են։ Ես համալսարան եմ ընդունվել թարգմանիչ դառնալու, համապատասխան որակավորում ստանալու համար։ Մանկավարժական համալսարան ինձ այդ ամենը չի տալու»,– ասաց համալսարանի 2–րդ կուրսի ուսանող Արփինե Աթոյանը։
Ուսանողների խոսքով` իրենք լիվին աջակցում են համալսարանի ղեկավարությանը։
«Մեզ համար շատ ցավալի է, որ մեզ հիմա են տեղեկացնում այս մասին, ինչո՞ւ մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում։ Ես ինքս ապագա մանկավարժ եմ, բայց ընդունվել եմ Բյուսովի անվան համալսարան, ոչ թե մանկավարժական։ Հարգե՛ք մեր ցանկությունը»,–ասաց 3–րդ կուրսի ուսանողներից մեկը, ով չցանկացավ հայտնել իր անունը։
Համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էռնեստ Ավանեսովն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեկ են իմացել կառավարության նախագծի մասին։
«Ես չեմ ուզում որևէ համալսարանի սևացնել, բայց կան փաստեր, որ այս որոշումը ո՛չ համալսարանի դասախոսների, ո՛չ էլ ուսանողների սրտով չէ։ Ճիշտ է` մեր համալսարանում էլ կա մանկավարժական ֆակուլտետ, բայց բացի դրանից կա նաև 4 այլ ֆակուլտետ, մեր համալսարանը միայն մանկավարժական կրթության մեջ չի տեղավորվում, մենք այլ մասնագետներ էլ ենք պատրաստում, և բոլորին տանել մի տեղ լցնել, ուղղակի անհասկանալի է»,–ասաց նա։
Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի մագիստրատուրայի 2–րդ կուրսի ուսանող Բագրատ Ադամյանը, որը 2015 թվականից սովորում է համալսարանում է, մի ցանկություն ունի, որ իր համալսարանը մնա ու անունը պահպանի։
«Ես անձամբ ակտիվ մասնակցելու եմ ստորագրահավաքին։ Մենք` ուսանողներս, մեր ձայնը տալիս ենք համալսարանի պահպանմանը»,– ասաց նա։
Բագրատ Ադամյան
© Sputnik / Asatur Yesayants
Հավելենք, որ ստորագրահավաքից հետո ուսանողները դիմում կգրեն ԿԳՄՍ նախարարին ու կհայտնեն իրենց դիրքորոշումը։
Հիշեցնենք` արդեն հաստատվել է մինչև 2030 թվականի կրթության զարգացման ծրագիրը, որտեղ ևս ամրագրված է, որ երկրում պետք է մնա առավելագույնը 8 պետական բուհ: Առկա է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծ, որում ևս այդ դրույթը ամրագրված է: