ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների այցին։ Նիստն անցկացվելու է Երևանում` 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը։
Կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն ըստ որի` ՀՀ արտաքին գործերի նախարարը և պետական արարողակարգի ծառայության պետը պետք է ապահովեն նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստեն նիստի ծրագիրը, պատվիրակության անդամներին տեղավորեն հյուրանոցում, ապահովեն նրանց սնունդը:
ՀՀ ԱԻ նախարարը պետք է ապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահություն միջոցառման անցկացման վայրերում։
Համաձայն վարչապետի որոշման` պաշտպանության նախարարը պետք է ապահովի Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում, իսկ առողջապահության նախարարն էլ պետք է այնպես անի, որ նիստի անցկացման վայրերում մշտապես ներկա լինեն շտապ բուժօգնության անձնակազմերը, բուժկետեր գործեն և ըստ անհրաժեշտության մասնակիցներին բժշկական օգնություն տրամադրվի Հայաստանում գտնվելու ընթացքում:
Հանձնարարականներ են տրված նաև ՀՀ պետական պահպանության ծառայության պետին, ՀՀ ստիկանապետին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին, Ֆինանսների նախարարին։
Հյուրերի համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են ՀՀ պետբյուջեից։
Հիշեցնենք` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերի 20-21-ը Հայաստանում անցկացնելու որոշումը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները ստորագրել էին օգոստոսի 26–ին Չոլպոն-Աթայում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։