Հայաստանում 236 հազար երեխաներ ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ. Անդրեասյան

Մանկապարտեզ. Արխիվային լուսանկար
ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում նախադպրոցական կրթության համակարգի իրական հզորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում այս պահին շուրջ 236000 նախադպրոցական տարիքի երեխաներ, որից 62.000–ը՝ գյուղական համայնքներում, ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` վերջին 2 տարիները, պայմանավորված համավարակով, բավականին բարդ էին նախադպրոցական կրթության համար։ Եթե դպրոցներում հնարավոր էր անցնել հեռավար կրթության, ապա նախադպրոցական կրթության համակարգի համար եղան լուրջ խնդիրներ երեխաների ընդգրկվածության մասով։
«2020-21 թվականներին որոշակի սահմանափակումներով էինք երեխաներին ընդգրկում համակարգ, ուստի վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում համակարգի իրական հզորությունը»,–ասաց նա։
ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` 2019 թվականի ավարտին նախադպրոցական կրթության ոլորտում կար 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն։ Ընդ որում, 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4 տոկոս։
«2020 թվականին շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը` շնորհիվ նոր բացված նախակրթարանների և նոր հաստատությունների։ 2020 թվականին շուրջ 22 հաստատություն է բացվել, որոնք սկսել են գործել նախադպրոցական կրթություն տրամադրելու համար»,–ասաց Անդրեսյանը, բայց շեշտեց, որ խնդիրը դեռ առկա է։
Երևանի 40 մանկապարտեզներում հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարվել
Նա հիշեցրեց, որ Կառավարության ծրագիրը հստակ սահմանում է, որ պետք է մինչև 2026 թվականը 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 85 տոկոսի հասցնել։ Իսկ կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թվականը հստակ սահմանում է, որ պետք է երեխաների ընդգրկվածությունը հասցնել 95 տոկոսի։
Նախատեսվում է 500 մանկապարտեզներ վերակառուցել կամ կառուցել։ Այս պահին 92 մանկապարտեզներում աշխատանքներ են ընթանում։