Ղրիմի պայթյունի հետքերով. Վրաստանը հերքում է իր առնչությունը

Հայ–վրացական սահման
Թբիլիսիում հայտարարել են, որ պայթուցիկով բեռնված կցորդիչ կամ վագոն չի հատել մաքսային սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչները և ՌԴ ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կասկածյալներին: Պարզվել է նաև, թե բեռնատարը պայթյունից առաջ ինչ ճանապարհ է անցել։ Նրա խոսքով` երթուղին անցել է Բուլղարիայով, Վրաստանով, Հայաստանով, Հյուսիսային Օսեթիայով և Կրասնոդարի երկրամասով։
«Պայթուցիկով բեռնված որևէ կցորդիչ կամ վագոն չի անցել մաքսային սահմանը։ Եթե ինչ-որ մեկը ողջամտորեն հիմնավորի, որ անցել է Վրաստանի սահմանը, ապա այս դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կբացահայտվեն»,- ասել է Կակաուրիձեն։
Նրա խոսքով` մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։
«Թե ինչպես են աշխատում, ինչ վերահսկողություն են իրականացնում մաքսային ծառայությունները, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ ենք համագործակցում», - ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերը
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա, հայտնի է պատվիրատուն