ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ու համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
«Դուք միշտ եղել եք պետության կողքին, անկախ նրանից թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», - ասել է ՀՀ նախագահը:
Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը շեշտել է, որ Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն ու հայկական պետականությանն աջակցելն է:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականցման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ:
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
© Photo : official site of the President of RA
Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին:
Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում` ԱՄՆ–ի ու Եվրամիության երկրների հետ հարաբերություններում, ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: