ԵԽ գլխավոր քարտուղարը հայ գերիների գնդակահարության տեսանյութի փաստով դիմել է Բայրամովին

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի վերաբերյալ տեղեկատվության պահանջով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: Տեղեկությունը հայտնում է ԵԽ–ում Հայաստանի ներկայացուցչությունն իր ֆեյսբուքյան էջում։
«Նամակով գլխավոր քարտուղարը հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցում Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա»,–ասվում է հրապարակման մեջ:
ԵԽ գլխավոր քարտուղարը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:
Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: