Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու

Չավուշօղլուի խոսքով, Երևանի ու Անկարայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից անկախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին Tvnet հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն են: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով`Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է արձագանքել։
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն արդյունավետ է եղել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: