ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակներս սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի և սահմանազատման ուղղությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Բորելը բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները՝ նշելով, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Բայրամովն իր հերթին հայտնել է պրահյան հանդիպումից ակնկալիքների մասին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում ներդրած ավանդի տեսանկյունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: