Կարելի է պայքարել բոլորի դեմ. Հարոյանն ու Սպերցյանը` Եվրո 2024-ի վիճակահանության մասին

Էդուարդ Սպերցյան
Հայաստանի ազգային հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վստահ է, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, եթե կենտրոնանան իրենց խաղի վրա։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
«Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ` ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,– ասել է Սպերցյանը։
Վիճակահանության արդյունքները մեկնաբանել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,– ասել է Հարոյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները:
Կարեն Նալբանդյանը նշանակվել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչ