ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Փոթի-Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության գործարկումը ձգձգվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, բայց Հայաստանի ղեկավարությունը ջանքեր է գործադրում այդ երթուղով փոխադրումները կարգավորելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով լաստանավի գործարկման հարցը, նշել էր, որ հայկական կողմը բարդ աշխատանք է կատարում:
«Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու նպատակով բեռների` լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են աշխատանքները»,– ասված է հարցման պատասխանում։
Ըստ գերատեսչության` միջոցառումը հնարավորինս սեղմ ժամկետում մեկնարկելու նպատակով ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում բոլոր կողմերի, այդ թվում` Վրաստանի կառավարության հետ։
«Խնդիրները գտնվում են լուծման փուլում, և առաջիկայում միջոցառումը նախատեսվում է գործարկել»,– նշել են նախարարությունից։
Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում համոզված են, որ լաստանավային հաղորդակցությունը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավելի հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։
ՀՀ կառավարության` 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ նախատեսվում է, որ օպերատոր ճանաչված ընկերությունը` «C&M International»-ը, ապահովելու է շաբաթական երկու չվերթ Փոթի–Կովկաս նավահանգիստ–Փոթի ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ Լարսը ՀՀ–ից արտահանելու հիմնական ուղղությունն է, անցակետի փակ լինելը բացասական ազդեցություն է թողնում տնտեսության և մասնավորապես արտահանման ցուցանիշների վրա։
«Հիշյալ միջոցառման գործարկումը կարող է էականորեն նվազեցնել այդ բացասական ազդեցությունը։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լաստանավային հաղորդակցությունը կարող է ակտիվացնել նաև երկաթգծային փոխադրումները, ավելացնել արտահանման ծավալները և նպաստել սպասարկման տեմպերի արագությունը (հաշվի առնելով, որ այժմ բեռների տեղափոխման միջին ժամկետը ՀՀ–ից ՌԴ Վերին Լարսով կազմում է 7 օր, իսկ լաստանավային հաղորդակցության դեպքում նախատեսվում է, որ կկազմի 3 օր)»,– նշված է նախարարության պատասխանում։
Իսկ իրականո՞ւմ
Փոթի-Կովկաս երթուղին համարվում է «Վերին Լարս» անցակետի 7 այլընտրանքային ճանապարհներից մեկը։ Հիմա սա միակ ուղղությունն է, որը կարող է գործարկվել, քանի որ մյուս ճանապարհները փակ են քաղաքական նկատառումներով։
Փոխադրումների այս մուլտիմոդալ տեսակը (բեռնատար կամ երկաթուղի - լաստանավ - բեռնատար կամ երկաթուղի) չափազանց ծախսատար է համարվում ինչպես ժամանակի, այնպես էլ արժեքի առումով։ Այդ պատճառով փորձագիտական շրջանակներում թերահավատորեն են վերաբերվում նախաձեռնությանը` պնդելով, որ դա կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ լաստանավային փոխադրումների համար վճարում է պետությունը։
Համավարակի ֆոնին ծովով փոխադրումները մի քանի անգամ թանկացել են, և այդ միտումը շարունակվում է։ Բացի այդ, եթե խցանումներ և այլ խնդիրներ չլինեն, ապրանքը բեռնատարով կարելի է 2 օրում տեղափոխել Հայաստանից Ռուսաստան (Երևանից մինչև Վլադիկավկազ հեռավորությունը մոտ 550 կմ է. խմբ.)։ Մուլտիմոդալ եղանակի դեպքում բեռնատարը պետք է Երևանից մինչև Փոթի անցնի 592 կիլոմետր, այնուհետև ապրանքները տեղափոխվեն լաստանավ, որը մինչև Կովկաս նավահանգիստ պետք է անցնի մոտ 584 կիլոմետր: Դա կազդի թե՛ ապրանքների` ճանապարհին գտնվելու ժամանակի, թե՛ դրանց արժեքի վրա։
Իրավիճակը չեն փրկի անգամ երկաթուղային փոխադրման գնի իջեցման մասին հնարավոր պայմանավորվածությունները։ «Հարավկովկասյան երկաթուղին» ներկա պայմաններում կարող է 10-15% զեղչ տրամադրել փոխադրումների համար, ինչը կազմում է 1,5-2 դոլար` 1 տոննայի համար: Դա էապես չի կրճատի ներկրողների ծախսերը։
Իրավիճակը կարող է փոխվել Վրաստանի կողմից Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո։ Նախագիծը, որն ավարտվելու է 2024 թվականին, պետք է ապահովի Վրաստանից դեպի ՌԴ սահման անխափան երթևեկությունը: