ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Դատարանը մերժեց 10 մլն գրավի և ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորության միջնորդությունները»,–ասաց Գալստյանը։
Նա հավելեց, որ կբողոքարկեն այս որոշումը։
Նշենք, որ դեռ օգոստոսին Վարդանյանին ազատ արձակելու համար երաշխավորությամբ հանդես էին եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը և Մաթևոս Ավետիսյանը։
Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ մինչ կալանքը Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։ Վարդանյանը մայիսի 12-ին կալանավորվել էր։