ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Թուրք ծրագրավորողների կողմից ստեղծված հակահայկական «Maroon Berets» անունով խաղը ցածր ռեյտինգ ունի և ստեղծված է հատուկ լսարանի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ, CiberHUB կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանը։
Նշենք, որ Steam խաղերի առցանց ծառայությունում թուրք ծրագրավորողները մի խաղ են թողարկել, որի միջոցով հատուկ ջոկատայինները գալիս են գրավելու հայկական տարածքներ` այդ ընթացքում սպանելով հայ զինծառայողներին ու գնդակահարելով գերիներին։ Խաղի մասին թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները, սոցցանցերը երեկ են սկսել հրապարակումներ անել, չնայած այն մի քանի ամիս է, ինչ թողարկվել է։
«Կան բազմաթիվ հարթակներ, որոնցում կարող եք խաղ հրապարակել` Steam-ը դրանցից մեկն է, որը համակարգչային խաղերի ոլորտում ամենամեծերից է։ Այս հարթակում ոչ միայն ընկերությունները, այլ նաև անհատ ծրագրավորողները կարող են խաղ տեղադրել ու վաճառել։ «Maroon Berets» խաղն այս հարթակում թողարկվել է մարտին, թարմացվել` մայիսին, և տարօրինակ է, որ հիմա են նման PR ակցիա անում»,–ասում է Պապյանը։
Նրա խոսքով` դատելով խաղի ռեյտինգից` այն քչերն են ներբեռնում։ Իսկ մեկնաբանողներն էլ ասում են` լավ չի աշխատում, կախում է... Պապյանը հայտնեց` խաղը ստեղծողը գրանցված է «Կիսալուսնի խաղեր» անվամբ և միայն մեկ խաղ ունի հրապարակած։ Այսինքն` մեծ հաշվով սա միայնակ արտադրողի ստեղծած խաղ է։
Մեդիափորձագետը նշում է, որ որևէ մեկին խորհուրդ չէր տա վճարել 49 դոլար և խաղը գնել, քանի որ կոնկրետ իր համար սթրեսային է զինվորներին սպանելու, գնդակահարելու տեսարաններ տեսնելը` հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը։ Մյուս կողմից, սակայն, Պապյանը նշում է, որ բոլոր խաղերում հակամարտող կողմեր կան։
«Օրինակ, «Rome: total war» խաղում աշխարհի տարբեր զորքերը կարող են կռվել իրար դեմ։ Ուստի սա դիտարկել մի դաշտ, որտեղ կարելի է կռիվ անել, պայքարել, իմաստ չեմ տեսնում։ Ավելի տրամաբանական է բողոքարկել այս խաղը կամ էլ բացասական մեկնաբանություն թողնել։ Այսինքն` մեր ծրագրավորողները լծվեն խաղ ստեղծելու գործին, որպեսզի զուտ պատասխանենք նրանց քարոզչությանը, իմաստ չունի»,–ասում է մասնագետը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ իր հերթին նշում է, որ սա ևս մեկ խորքային ազդանշան է, որ թուրք հասարակության մեջ հայատյացության դրսևորումները լայն արձագանք ունեն։
«Թուրքիայի հասարակության շրջանում ատելության աստիճանն անհամեմատ նվազ է եղել ադրբեջանականից, քանի որ միշտ Ադրբեջանի հասարակության մոտ ենք տեսել ծայրահեղ ատելություն ու դրա դրսևորումները։ Այնուամենայնիվ, խաղի տարածվածությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հասարակությունում թեպետ մասնավոր ընկերությունների կողմից, բայց ատելության զգացողությունները բորբոքվում են։ Սա ոչ համընկնում է նրանց հայտարարած հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, ոչ էլ նպաստում այդ գործընթացին»,–ասում է Գրիգորյանը։
Նրա խոսքով` Թուրքիայում կոմպետենտ մարմինները, օրինակ իրավապահները, պետք է քայլեր ձեռնարկեն, քանի որ խաղն էթնիկ ատելության և ագրեսիվ պատերազմի քարոզի խրախուսման ձև է։
ՄԻ պաշտպանը հայտնեց, որ այսօր առավոտյան այս օրինակը քննարկել է Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ժամանակ։ «Ես լրջագույն մտահոգություն եմ հայտնել և գործընկերոջս կոչ եմ արել ուշադրություն դարձնել դրան և քննարկման առարկա դարձնել դիվանագիտական հանդիպումների ժամանակ, քանի որ Ֆրանսիան ևս ներգրավված է բանակցություններում»։
Հավելենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում խաղն արդեն մեծ արձագանք է ստացել և քննադատությունների արժանացել։