Արթուր Վարդանյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման, Վահան Շիրխանյանին համաներում շնորհվեց

Դատարանը, հաշվի առնելով նախաքննության և դատաքննության ընթացքում Արթուր Վարդանյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանեց 9 տարի 2 ամիս 11 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը։
Ըստ այդմ` Արթուր Վարդանյանը (նա համարվում է զինված խմբի պարագլուխը. խմբ.) դատապարտվեց 13 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը` վերջնական պատիժ սահմանվեց 9 տարի 2 ամիս 11 օր։
Վարդանյանն ազատազրկման դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականին ընդունված) 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը) և ՀՀ քրեական օրենսգրքի (2021 թվականին ընդունված) 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) նախատեսված հանցագործությունները կատարելու համար։
Դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով մեղավոր ճանաչեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով։ Դատարանը Վահան Շիրխանյանին համաներմամբ ազատեց պատժի կրումից։
Անտոն Թոթոնջյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 8 տարի 10 ամիս ազատազրկման, որը, սակայն, դատարանը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով 5 տարի ժամկետով փորձաշրջան։
Ավետիս Բարեյանը մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով ազատազրկման 9 տարի ժամկետով, նախաքննության ընթացքում 2 ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետի հաշվակցմամբ՝ վերջնական պատիժ սահմանվեց 8 տարի 10 ամիսը, Վաղինակ Ստեփանյանը ազատազրկվեց 6 տարի 7 ամիս, Արթուր Եղիազարյանը` 6 տարի 2 ամիս 7 օր ժամկետով։
Դատարանը որոշեց Արման Հայրապետյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանել 7 տարի 10 ամիս ազատազրկումը, Արա Պողոսյանի նկատմամբ՝ 6 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը, Տիգրան Բոյաջյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը, Գևորգ Ջնդոյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով, նշանակված պատժում, հաշվակցելով Ջնդոյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 2 տարի 10 ամիս ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 5 տարի 1 ամիս 27 օր ժամկետով, Արկադի Մարդոյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի 2 ամիս 22 օր ժամկետով,
Վահագն Սալնազարյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց 6 տարի 2 ամիս ժամկետով։
Մարինե Կաթանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, սակայն դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով, Ասյա Մկրտչյանը ազատազրկման դատապարտվեց 8 տարի ժամկետով, սակայն վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի 7 ամիս ժամկետով, Նելլի Մինասյանը դատապարտվեց 7 տարի 10 ամիս ազատազրկման, սակայն դատարանը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով։
Էդվարդ Ներսիսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը` դատարանը վերջինիս նկատմամբ պատժի նշանակումը հետաձգեց, իսկ չհեռանալու մասին խափանման միջոց ստորագրությունը վերացրեց։ Դատարանը Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Հարություն Սարիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով, ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչեց, սակայն ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Հիշեցնենք` 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Նորք–Մարաշում զինված խումբ է վնասազերծվել, որը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը` թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել պետական կառավարման համակարգի կառույցների` ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:
Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015 թվականի դեկտեմբերի 19-ին, ազատ արձակվել 2018 թվականի հունիսի 25-ին։