3 տեղից վիրավոր տղաս զանգել, բացատրել է, թե որտեղ է թաքնվում. ՊՆ–ի մոտ բողոքի ակցիա է

19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները պնդում են, որ գիտեն` որտեղ է իրենց զինվորը թաքնվում։ Սակայն ՊՆ–ից ասել են` ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. 19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիա են անում։ Զինծառայողը սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության ներքո է, և հարազատները պնդում են, որ նրա տեղը գիտեն։
«Մեր զինվորը 3 տեղից վիրավոր է` գլխից, ոտքից, թևից։ 9 ամսվա զինծառայող է։ Նրան սեպտեմբերի 12-ին տարել են Ներքին Հանդ, իսկ հաջորդ օրը պատերազմն սկսվել է։ Սեպտեմբերի 15-ին մեր երեխան զանգել է, ընկերոջը բացատրել, թե որտեղ է։ Ու հիմա ոչ մի քայլ չի արվում` պաշտպանության նախարարությունն ասում է, որ ադրբեջանական կողմը չի թույլատրում մտնել այդ տարածք»,–ասաց զինվորի հայրը` Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով` ՊՆ–ն հայտնել է, որ բանակցություններ են վարում, որ ադրբեջանական կողմը թույլ տա մտնել այդ տարածք։
Վահե Թորոսյանի հարազատներից
Հարազատները հայտնում են, որ առանց տեղանքին ծանոթ լինելու` իրենք մոտակա անտառներում 4-5 օր փնտրել են Վահեին։ Նրա ծառայակիցներից շատերը ողջ չեն։
19-ամյա զինվորի հարազատները հայտնում են, որ եթե այսպես շարունակվի, պատրաստ են նաև Արմավիրի ճանապարհը փակել։
Վահե Թորոսյանի հարազատները ՊՆ–ի մոտ
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։