Ո՛չ Իրինան կա, ո՛չ էլ բարձունքն է մերը․ տան պատուհանից երևում է դիրքը, որտեղ նա զոհվել է

Իրինա Գասպարյան
Իրինան իր երկու քույրերի հետ տարիներ առաջ էր զինվորագրվել։ Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նա և քույրերից մեկը տարբեր դիրքերում են եղել։ Իրինայի զոհվելու մասին կրտսեր քույրը գլխի է ընկել, երբ նրան հրահանգել են իջնել դիրքերից։
Sputnik
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրող Գասպարյանների տանը բոլորը խուսափում են ճաշասենյակի պատուհանին մոտենալ. սիրտ չեն անում։ Պատուհանից երևում է այն դիրքը, որտեղ սեպտեմբերի 13-ին զոհվել է 47-ամյա Իրինա Գասպարյանը։ Ցավն ընտանիքում կրկնակի է` դիրքը, որի համար կյանքը չի խնայել Իրինան, այժմ թշնամու տիրապետության տակ է։
Պատուհանից երևում է այն դիրքը, որտեղ զոհվել է Իրինա Գասպարյանը
Իրինան երկու քույր ունի, որոնք նույնպես զինվորական են. հենց Իրինան է նրանց համոզել դառնալ զինվորական։ Հատկանշական է, որ քույրերից մեկը` Հերմինեն, Իրինայի հետ սեպտեմբերի 13-ին դիրքերում է եղել։ Քրոջ զոհվելուց հետո Հերմինեն շատ է կոտրվել, ասում է, որ այլևս չի ուզում դիրքեր բարձրանալ` Իրինայի մահը փոխել է բոլոր պատկերացումները։
Միջնեկ քույրը՝ Նաիրան, միանգամից միջամտում է․ «Իսկ ես չեմ դուրս գալու ծառայությունից։ Երբե՛ք։ Ո՛չ մի դեպքում։ Մինչև վերջ գնալու եմ, ինչ ուզում է լինի»։
Իրինայի քույրը` Նաիրան
Իրինան 2 աղջիկների միայնակ մայր էր։ Երբ երեխաները փոքր էին, նա ընտանիքի կարիքները հոգալու համար տեղավորվել էր աշխատանքի Վարդենիսի զորամասերից մեկում։ Սկզբում խոհարար էր աշխատել, հետո՝ բուժքույր։ Իսկ պայմանագրային զինծառայող էր դարձել 2018թ․-ին։
«Զորամասում վարձատրություն քիչ է, չէր հասցնում այդպես, դրա համար որոշեց վերապատրաստում անցնել ու դիրքեր բարձրանալ։ 15 օր դիրքերում էր, 15 օր՝ տանը»,- պատմում է Իրինայի ավագ դուստրը՝ 30-ամյա Լիլիթը։
Սերժանտ Իրինա Գասպարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահության է եղել և մեկ օր անգամ չի իջել դիրքերից։ Լիլիթն ասում է` մայրը ոչնչից չէր վախենում։
Դուստրը սեպտեմբերի 13-ին, տան պատուհանից նկատելով դիրքերի իրարանցումը, զանգել է մորը։ Իրինան հանգստացրել է աղջկան` ամեն ինչ լավ է։ Դա եղել է նրանց վերջին խոսակցությունը։
Իրինա Գասպարյանի լուսանկարները
«Ես գիտեի, ես զգում էի, որ մի բան այն չէ, որ ինքը չէր զանգում, ես գիտեի, որ ինքը էլ չկա, թե չէ անհնար էր, որ ինձ չզանգեր։ 3 օր էր մնացել, պետք է իջներ, իմ ծնունդն էր, պատրաստվում էր ծնունդիս։ Պատերազմից մի օր առաջ խոսում էի հետը, ասաց, որ կուտակումներ կան դիրքում։ Ասաց՝ կարող է ծնունդիդ չգամ, ասացի՝ մի՛ խաբի, գալու ես․․․ Բայց խաբեց․․․ չեկավ․․․»,- չկարողանալով զսպել արցունքները՝ պատմում է Լիլիթը։
Իրինա Գասպարյանը դուստրերի հետ
Սեպտեմբերի 12-ի երեկոյան` ադրբեջանական ագրեսիայից ժամեր առաջ, Իրինան զանգել է կրտսեր քրոջ՝ Հերմինեին։ Նա նույնպես այդ օրը դիրքերում է եղել։ Ուշ է եղել, պայմանավորվել են հաջորդ օրը խոսել, բայց վատ լուրը քրոջ զանգից ավելի շուտ է հասել։
«Մեզ մոտ ասացին՝ կրակում են Վարդենիսի կողմերը։ Վազեցինք, նայեցինք, տեսանք իրենց դիրքերը․․․ Ահավոր էր։ Մի երկու ժամ հետո ասացին՝ դիրքերը գրավել են։ Հաջորդ օրը Իրինան զանգերին չէր պատասխանում։ Երբ ինձ դիրքից իջեցրին, ամեն ինչ հասկացա... Երեկոյան եկան մեր տուն, նկարները ցույց տվեցին, դին ճանաչեցինք»,- պատմում է Հերմինեն։
Իրինայի հարազատներն արդեն ստացել են դատաբժշկական եզրակացությունը։ Կինը մահացել է նռնակի պայթյունի հետևանքով. ունեցել է բազմաթիվ կոտրվածքներ, բայց մարմինը խոշտանգված չի եղել։ Դիրքում 5 պայմանագրային զինծառայող է եղել, 5-ն էլ զոհվել են։ Վերջինը հենց Իրինան է խոսել գումարտակի հրամանատարի հետ․
«Իրինան ասել է՝ լցվում են խրամատ, հետո գումարտակի հրամանատարը պայթյուն է լսել․․․ կապը ընդհատվել է»,- պատմում են հարազատները։
Իրինայի ու ևս 5 զինծառայողի մարմին ադրբեջանական կողմը փոխանցել է Հայաստանին սեպտեմբերի 23-ին։
Մինչև այդ ընտանիքի անդամները տարատեսակ լուրեր են ստացել, թե իբր զինծառայողները լքել են դիրքը ու թաքնվել, բայց Իրինայի հարազատները այս վարկածին չեն հավատացել։
Իրինա Գասպարյանը
«Մենք իրեն լավ գիտենք, անհնար էր, որ դիրքը թողներ, դուրս գար։ Հետո ասեցին, որ կարող է գերի է ընկել, բայց դա էլ էր անհնար, ինքը կյանքում գերի չէր ընկնի»,- ասում են Իրինայի հարազատները։
Այն բարձունքը, որտեղ գտնվել է Իրինան, «ապահով» դիրք էր համարվում. Ամենաբարձրն էր Վարդենիսի տարածաշրջանում։ Բոլորն են զարմացած՝ ինչպես թշնամին հասավ այնտեղ։ «Իրենց դիրքում մի հատ ձորակ կար, մաման միշտ ասում էր, որ մի օր լսեք` մեր դիրքը գրավել են, ուրեմն իմացեք, էդ ձորակով են գրավել»,–պատմում է Լիլիթը։
...Մեր խոսակցության ամբողջ ընթացքում Իրինայի կրտսեր դուստրը՝ Ռուզաննան, լուռ էր։ Հարցերին չէր պատասխանում, զգացմունքների մասին չէր խոսում։ Հետո խոստովանեց՝ իրեն մեղավոր է զգում, որ մոր մահից մի քանի օր առաջ ասել էր նրան, որ կզանգի (Իրինան թոռնիկի հետ էր ուզում խոսել) ու մոռացել էր․․․
«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած
Ռուզաննան երկու զավակ ունի․ 7 տարեկան Հասմիկին չեն ասել, որ տատիկը զոհվել է, բայց հենց լացող մորը տեսել է, մոտեցել ու ասել է․ «Ես գիտեմ, որ Իռա տատիկին կրակել են․․․»։
Իսկ երեքուկես տարեկան Լևոնը դեռ ոչինչ չի հասկանում, միայն ամենուրեք փնտրում է տատիկին։ Բոլոր շիկահեր կանանց հետևից կանչում է. «Իռա տատի՜կ»։
Իրինա Գասպարյանի լուսանկարը
Զոհվելու գիշերը մաման երազումս ասաց` հետդ եմ. Սուսաննան մասնակցել էր բոլոր պատերազմներին