Մարտ Կովկասի համար. ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի սպաները «Արիության դաս» են անցկացրել

ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի սպաները «Արիության դաս» են անցկացրել
Ռազմակայանի սպաներից հետո ելույթ են ունեցել դպրոցի աշակերտներն ու պատանի բանակայինները` Կովկասի համար ճակատամարտի տարբեր ժամանակաշրջանների մասին զեկույցներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ռազմաքաղաքական աշխատանքի բաժնի սպաները «Արիության դաս» են անցկացրել Կովկասի համար ճակատամարտում գերմանաֆաշիստական զավթիչների ջախջախման տարելիցի կապակցությամբ` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դպրոցի աշակերտների, ինչպես նաև «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժման սաների հետ:
ՀՌՕ-ի զինծառայողները աշակերտներին և պատանի բանակայիններին պատմել են զինվորների և սպաների հերոսական սխրագործությունների մասին, որոնք ոչ միայն դիմակայել են թշնամու զավթիչի հարձակմանը, այլև կարողացել են հակահարձակում իրականացնել և թշնամիներին վտարել հայրենի հողից:
Զինծառայողները աշակերտներին և պատանի բանակայիններին պատմել են նաև Կովկասի խորհրդային տարածքների ազատագրման գործողությունների ընթացքի մասին, կարմիրբանակայինների, կամավորական ջոկատների մասին:
Ռազմակայանի սպաներից հետո ելույթ են ունեցել դպրոցի աշակերտներն ու պատանի բանակայինները` Կովկասի ճակատամարտի տարբեր ժամանակաշրջանների և խորհրդային քաղաքացիների սխրագործությունների մասին զեկույցներով:
Բացի այդ, դպրոցականների և «Յունարմիայի» սաների հետ անցկացվել է հարցուպատասխան, որտեղ աշակերտները գերազանց գիտելիքներ են ցուցադրել:
Երիտասարդների հայրենասիրական դաստիարակության, հայրենիքի կարևոր պատմական իրադարձությունների մասին գիտելիքների ամրապնդման միջոցառումները ՀՌՕ ռազմակայանի սպաների կողմից անցկացվում են կանոնավոր հիմունքներով: