Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է

Մարդատար ավտոմեքենաները և ավտոբուսներն ամբողջական ստուգում անցնելուց հետո կարող են անցնել կամրջով։
Sputnik
Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։ RT-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Նրա խոսքով՝ մարդատար ավտոմեքենաները և ավտոբուսներն ամբողջական ստուգում անցնելուց հետո կարող են անցնել կամրջով։
Ակսյոնովը մեծ բեռնատարների վարորդներին կոչ է արել պլանավորել երթևեկության երթուղին՝ օգտագործելով Կերչի լաստանավային փոխադրումը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` մոտ 150 բեռնատարներ գտնվում են Կերչի չգործող օդանավակայանի տարածքում` սպասելով լաստանավային անցման բացմանը։ Փրկարարները վրաններ են տեղադրել վարորդների համար ու նրանց ջուր են բաժանում:
«Մեզ այստեղ են ուղարկել։ Բեռնատարների մի մասը կանգնած է անցումի մոտ։ Կարծում ենք` 2 օրից շուտ չենք շարժվի: Իսկ բեռը շուտ փչացող է»,-ասել է բեռնատարի վարորդներից մեկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվել է վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են, սակայն կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինին կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառները պարզելու ու հետևանքները վերացնելու համար: