Գագիկ Խաչատրյանից ու նրա 25 մտերիմներից 210 միավոր անշարժ գույք կբռնագանձվի

Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Նշենք, բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։
Հիշեցնենք` Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում գտնվող Խաչատրյանների առանձնատան բռնագանձման պահանջով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանի դատարան հայցադիմումը ներկայացվել էր 2022թ–ի մայիսի 5-ին։
Խաչատրյանների փաստաբանական խումբն այս գործընթացը որակել էր որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեությունը խոչընդոտելու դեպք` նշելով, որ դա իրականացվում է առանց որևէ հիմնավոր ապացույցի։
Փաստաբանները չէին հերքել, որ Խաչատրյաններն անշարժ գույքի զարգացման ոլորտում մի քանի միջազգային գործարք են իրականացրել, բայց պնդել էին, որ այդ գործարքները միշտ համապատասխանել են օրենքի պահանջներին: