Դիտորդական առաքելությունը կարող է կողմերի միջև վստահություն ստեղծել. Պետդեպի ներկայացուցիչ

Վեդանթ Պատելը կարծիք է հայտնել, թե հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունը կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի` Պրահայում կայացած հանդիպումը հուսադրող է։ Սպիտակ տանը կայացած ասուլիսում այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը` գնահատելով հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին պաշտոնական հայտարարությունների բովանդակությունը։
«Ողջունում ենք նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ համապարփակ խաղաղ գործընթաց սկսելու համար։ Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության առաջընթացից։ Առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և կշարունակի ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,– ասել է Պատելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: