ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով լուրերին, թե հակառակորդը կրակում է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։
Հայտնել էինք, որ Կուտական համանքի ղեկավար Մակիչ Թովմասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` այսօր առավոտյան ժամը 9-10-ը դիրքից դիրք կրակոցներ են հնչել. հիմնականում մանր տրամաչափի զինատեսակներով են կրակել։
«Ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Զոհեր, վիրավորներ չկան։ Այս պահին փոխհրաձգություն չկա»,–ասաց Թորոսյանը։
Հավելենք` Կուտականի ղեկավարը քիչ առաջ հայտնեց, որ կրակոցները վերսկսվել են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։