Հայտնի է` ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

ՀՀ կառավարությունից հայտնել են, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պրահայում կայացած հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Պրահայում կայացած հանդիպման ընթացքում արձանագրվել է.
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են ուղիղ շփումները. մանրամասներ