ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Yerevan.Today.am լրատվական կայքում տարածված այն տեղեկությունը, թե ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք՝ իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում, քանի որ նրանց ասել են, որ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի և թույլ չեն տվել ներս մտնել։
ԱԻՆ–ից պարզաբանում են, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն` շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։
«ԱԻՆ աշխատակիցները, չունենալով հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիպորևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունը թյուրըմբռնման տեղիք է տալիս»,– նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ պահանջում են, որպեսզի տնօրենը շտապ պարզի առկա խնդիրները, որոնց պատճառով փակվել է առևտրի կենտրոնը, դրանց լուծում տա, որպեսզի սկսեն աշխատել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին, քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։