ԵՐԵՎԱՆ,7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի համար, քանի որ խաթարում են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Այս մասին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումների ժամանակ։
Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ձեռնարկված վերջին ռազմական էսկալացիայի հետևանքները։ Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի զոհ է դարձել Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Իրենց տները լքել են մոտ 8 հազար մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։ Ադրբեջանը գնդակոծել է բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, գերի է վերցրել, խոշտանգել ու սպանել հայ զինծառայողներին, այդ թվում՝ կանանց։ Նրանց մարմինները պղծվել են, նրանց անարգել են։ Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում ակտիվորեն տարածվում են անզեն հայ գերիների նկատմամբ դաժան հաշվեհարդարի կադրերը, ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների ապացույցներն անհերքելի են:
Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կրկին սադրանք են կազմակերպել՝ կրակ բացելով ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Սադրանքի զոհ է դարձել երեք հայ զինծառայող։ Ադրբեջանցի զինվորականները շարունակում են կենտրոնանալ և ամրապնդվել սահմանգծի երկայնքով՝ Հայաստանի տարածքում ապագայում նոր էսկալացիայի սպառնալիք ստեղծելով։
ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Երևանը ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել է Բաքվի ագրեսիայի վերջին գործողություններին և շարունակելու է խնդիրը բարձրաձայնել կազմակերպության տարբեր կառույցներում: Այդ կառույցները պետք է կատարեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, վճռականորեն դատապարտեն հանցավոր ագրեսիան և ոտնձգությունները Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։