ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Կալմիկիայից ընտրված նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի քրեական հետապնդումն ու դատապարտումը: Այս մասին Sputnik-ին հայտնել է ինքը՝ նախկին սենատորը։ Նա դատապարտվել էր 2008-ին խարդախության փորձի համար, 2011-ի մայիսին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Չախմախչյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ճանաչել է Մարդու իրավունքների մասին Կոնվենցիայի 1-ին կետի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտում: Դատավորները նաև որոշել են, որ դիմողին պետք է վճարվի բարոյական վնասի փոխհատուցում` 8000 եվրոյի չափով։
Հիշեցնենք, որ 2006 թվականին գործ էր հարուցվել սենատոր Չախմախչյանի դեմ, որն այդ պահին Կալմիկիան էր ներկայացնում Դաշնային խորհրդում և գլխավորում էր հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիան (ԱՐԱԴԵՍ): 2008թ.-ի հուլիսին սենատորը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (Խարդախության փորձ) նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։
Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան ժամկետը կրճատել էր մինչև յոթ ու կես տարի։ Ի վերջո Չախմախչյանը բանտում մնաց 3 տարի և երկու օր։
Ի դեպ, Չախմախչյանի փեսան՝ Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախկին գլխավոր մասնագետ Արմեն Հովհաննիսյանը, նույնպես անմեղ է ճանաչվել, նրան նույնպես փոխհատուցում է տրամադրվելու։