Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայտարարություն, որով զորակցություն է հայտնվում հայ ժողովրդին։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Պատգամավորների Կոնգրեսը վերահաստատել է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում։ Դրանք համարում է չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«Աջակցում ենք ԵՄ Բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր և տևական լուծման փնտրմանը»,- ասված է հայտարարությունում:
Իսպանիայի Կոնգրեսը կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները, իսկ ԵՄ-ին Կոչ է անում կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։