ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը մտադիր է իր բուֆետ-ճաշարանում բարեկարգման և վերազինման աշխատանքներ իրականացնել։
Հաշվի առնելով հարցի հրատապությունը` կառավարությունն այսօր ԱԺ–ին թույլ տվեց այդ աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթ հայտարարելու` մեկ անձից գնելու ընթացակարգով։ Գումարն էլ հատկացվելու է ԱԺ–ի բյուջեից։
Հետաքրքրական է, որ որոշումը, ըստ ամենայնի, պետք է ընդունված լիներ ավելի վաղ` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ, քանի որ կառավարության կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ս.թ. սեպտեմբերի 12-ից գումարվելու է ՀՀ Ազգային ժողովի հերթական աշնանային նստաշրջանը։ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման և մինչև հերթական նստաշրջանի գումարումը, ճաշարանի վերաբացման անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացվող նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»։
Ըստ նախագծի` բուֆետի վերազինման համար ձեռք են բերվելու ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ, օդափոխման համակարգ, սրահի կահույք և սպասք։
Նշվում է նաև, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը։