Արևմուտքն անհեթեթ որոշումներով փորձում է ազդեցություն ունենալ ՕՊԵԿ-ի վրա. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վստահ է, որ ռուսական նավթի ծովային փոխադրումների նկատմամբ արգելք սահմանելու ծրագրերը վնաս կհասցնեն գրեթե բոլոր պետություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության մի շարք երկրներ և ԱՄՆ-ն իրենց անհեթեթ որոշումներով փորձում են ապակառուցողական ազդեցություն ունենալ ՕՊԵԿ-ի վրա։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Եվրամիության երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որով ԵՄ–ն որոշակի բազա է սահմանում դեպի երրորդ երկրներ ռուսական նավթի ծովային փոխադրումների գների առավելագույն նիշ սահմանելու և դեպի երրորդ երկրներ նավթի ու նավթամթերքների ծովային փոխադրման հետագա սահմանափակումները որոշելու համար։ Սահմանված առավելագույն նիշից բարձր գնով Ռուսաստանի Դաշնությունից նավթի փոխադրման արգելքը ուժի մեջ կմտնի 2022 թվականի դեկտեմբերից, նավթամթերքինը՝ 2023 թվականի փետրվարից։
«Բոլորը շահագրգռված են, որ շուկաները լինեն կայուն, և, իհարկե, շատ երկրներ հասկանում են առավելագույն նիշից բարձր գնով փոխադրումների արգելքի վերաբերյալ կտրուկ որոշումների անհեթեթությունը, որոնք այժմ քննարկվում են Եվրամիությունում և հրահրվում Միացյալ Նահանգների կողմից», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` այս որոշումը բացասաբար կանդրադառնա էներգետիկ շուկաների վրա և կվնասի գրեթե բոլոր պետություններին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը միաժամանակ նշել է, որ «ՕՊԵԿ+»-ը պատասխանատու կազմակերպություն է, որը հանդես է գալիս համաշխարհային էներգետիկ շուկաների կայունացման օգտին։
««ՕՊԵԿ+»-ը բազմիցս ապացուցել է, որ պատասխանատու չէ համաշխարհային էներգետիկ շուկաների կայունության համար: Այդ պատճառով, իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, ուղղված են նավթի շուկայի կայունացմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«ՕՊԵԿ+»-ը երեկ որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը օրական 2 մլն բարելով։
Արևմուտքը չի կարող ՌԴ-ի և Իրանի վրա բարդել էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունը. ֆիննախ