ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առնչությամբ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Խաղաղության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանի կողմից մեզ ներկայացված 5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Մենք կիսվել ենք մեր պատկերացումներով, որոնց հիմնական մասը հենց Լեռնային Ղարաբաղին է վերաբերել, հիմա էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` քննարկումներ են ընթանում ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ ստեղծելու մասին։
«Անշուշտ, Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։ Ուստի, երբ 2 կողմերը կհանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, կտեղեկացնենք այդ մասին»,– վստահեցրեց նախարարը։
Հիշեցնենք` մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման` 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մայիսին հայտարարեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին 6 կետանոց արձագանք է ներկայացրել։