Պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս

ՀՀ գլխավոր դատախազության շենքը
Երևանում գտնվող շինություններն ու հողամասը գնահատվել և վաճառվել են իրենց արժեքից մի քանի անգամ ցածր գնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի փողոցի 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունները և 4498 քմ մակերեսով հողամասը 2021թ-ին գնահատվել և վաճառվել են արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ Այսպիսով՝ պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2021թ.-ին իրականացրած գնահատման արդյունքում տվյալ շինությունների ու հողամասի արժեքը կազմել են մոտ 235մլն դրամ։ Այնուհետև՝ կառավարության համապատասխան որոշմամբ, այն մոտ 175 մլն դրամով օտարվել է քաղաքացի Լ. Խ.-ին»,- ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում ասվում է, որ Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մոտավոր կադաստրային արժեքը կազմում է շուրջ 527 մլն դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել գնահատման և շուրջ 3 անգամ ավել՝ վաճառքի արժեքից:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ առկա են եղել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու: