Միանշանակ հանցագործություն է. ԱՀԿ ներկայացուցիչը՝ բժիշկներին թիրախավորելու մասին

Հայաստան ներխուժած ադրբեջանցիների բարձրացրած դրոշը
Փորձագետն ընդգծեց, որ բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարում շատացել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դատապարտում է պատերազմների ժամանակ բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը:
Այս մասին ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար, ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն ասաց Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ հիվանդանոցների, բժշկական այլ հաստատությունների, ինչպես նաև բժիշկների թիրախավորման հարցին:
Նրա խոսքով՝ բժիշկները մարտական գործողություների ժամանակ երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն:
«Ցավոք, բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարում շատացել են: Դա միանշանակ հանցագործություն է և պետք է դատապարտվի»,- նշեց Սալիոն:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ջերալդ Ռոկենշաուբը նույնպես դատապարտեց տեղի ունեցողը:
«Ամեն անգամ, երբ լսում ենք Հայաստանում նման դեպքերի մասին, դիմում ենք ԱՀԿ գլխավոր գրասենյակ, փաստաթղթավորում ենք: Այս մասին խոսել են ԱՀԿ տարբեր գրասենյակների ղեկավարներ, որպեսզի դադարեցվի»,- ասաց Ռոկենշաուբը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով շտապօգնության մեքենաների վրա իրականացված բոլոր հարձակումները փաստագրված են: Նրա խոսքով՝ բոլոր ապացույցները ներկայացված են և՛ մոնիտորինգային օղակներով, և՛ ԱՀԿ-ին:
Նախարարը վստահ է, որ դրանք նաև միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի մաս են կազմելու:
«Նման գործողությունները պետք է մշտապես խստագույնս դատապարտվեն և տեղ չգտնեն մեզանում»,- շեշտեց Ավանեսյանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ ՄԻՊ–ը հայտնել էր, որ հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։