ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի

Ռաֆայել Մարիանո Գրոսին Մեծամորի ատոմակայանում
ՄԱԳԱՏԷ–ի տնօրենը նշել է, որ ուրախ է տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, որն աշխատանքային այցով Հայաստանում է։
«Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել անվտանգ կերպով։ Միաժամանակ, ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ անձնակազմի հանձնառությամբ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Գրոսիի հետ արդեն հանդիպել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Գրոսին Հայաստանում կլինի հոկտեմբերի 4-5-ը։