ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այլ բան, քան գրված, ստորագրված ու հրապարակված հայտարարությունն է՝ չկա։ Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու։
Այսօր ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։ Հարցը վերաբերում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ օրեր առաջ հրապարակված հոդվածին, որտեղ նա ենթադրություն էր անում, որ բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, կան նաև բանավոր պայմանավորվածություններ։
«Ես առնվազն տարակուսանք ապրեցի, երբ կարդացի դա, որովհետև պնդումների հիմքում դրված է «թե»-ական վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Փաստորեն ամբողջ թեզը, ամբողջ վերլուծությունը անիմաստ, անտեղի բառերի միացություն է դառնում»,- նշեց Միրզոյանը ու հավելեց, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն չկա։
Արարատ Միրզոյանը կարծում է նաև, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ ունի․ «Սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվ է։ Իբր Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել ու չի անում, և դա լեգիտիմացնում է իրենց ագրեսիան Հայաստանի նկատմամբ»,-նշեց նախարարը։
Նա նաև խորհուրդ տվեց Վարդան Օսկանյանին այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ այդ կողմին էլ ուշադրություն դարձնել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։