ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանից Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի ծառայութունը։
«Բլինկենը ողջունել է հայ զինվորականների փոխանցումը Հայաստանին և վերահաստատել Միացյալ Նահանգների հանձնառությունը` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, ընդգծվել է, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Միաժամանակ, Բլինկենը թվիթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Գեյհուն Բայրամովի հետ երեկ կայացած հեռախոսազրույցին։ Բլինկենը նշել է, որ նախարարների հետ զրուցել է կայուն խաղաղ համաձայնության հասնելու քայլերի մասին։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն գնահատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են այդ կարևոր քայլը։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4–ին հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ հրապարակել էր նրանց անուններն ու նշել, որ Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Նշենք, որ մինչ այդ, հոկտեմբերի 4–ին` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը կարծիքներ էին ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:
Իսկ սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մայիսին էլ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։