Ինչպես Հայաստանի մյուս տարածքներում, այնպես էլ Գյումրիում թաքստոցների համար նախատեսված տարածքները տարիներ շարունակ այլ նպատակների են ծառայել՝ բազմաբնակարան շենքերում վերածվել են պահեստարանների, հասարակական կառույցների տակ գտնվողները՝ աղբանոցների: Դեռ 44-օրյա պատերազմից հետո գյումրեցի Աստղիկ Եդիգարյանը որոշեց մաքրել այդ տարածքները: Ադրբեջանական վերջին հարձակումից հետո, գաղափարի շուրջ համախմբելով կամավորներին, նա անցավ գործի:
Աստղիկ Եդիգարյան
© Photo : provided by Astghik Yedigaryan
«Հիմնականում մեծ տարածքների վրա ենք կենտրոնանում, որտեղ շատ մարդիկ կկարողանան թաքնվել: Մենք մաքրում ենք, Աստված տա` օգտագործելու կարիք չլինի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա` ցույց տալով այն աղբը, որը կամավորները դուրս են հանել տարածքներից:
Կամավորների դուրս բերած աղբը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աստղիկի խոսքով` նախաձեռնությանը միացել են մարդիկ, որոնք չեն կարող հայրենիքի համար կարևոր ժամանակաշրջանում ձեռքերը ծալած նստել ու որևէ բան չանել:
«Մենք էլ մեր մասով ենք փորձում մեր երկրին, մեր պետությանը օգուտ բերել»,- ավելացրեց նա։
Գյումրիում մաքրվում են թաքստոցները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աստղիկը նշեց` իրենց նախաձեռնությունը նաև համախմբում է մարդկանց ու սրտացավություն ձևավորվում հասարակության շրջանում, ամեն ինչ լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդ իր բակից, իր նկուղից սկսի այդ աշխատանքը:
Թեև տարածքները հիմնականում մասնավոր են, բայց նախաձեռնող խումբը դեռ որևէ խնդրի չի բախվել։
«Մասնավորի հետ հեշտ է աշխատել. բոլոր տարածքների սեփականատերերը խանդավառությամբ արձագանքել են ու որոշակիորեն նաև աջակցել»,- ասաց նախաձեռնության հեղինակը։
Կամավորների շարքում դպրոցականներ, ուսանողներ, տարբեր կառույցների աշխատակիցներ կան:
12- ամյա Արմենակ Ասատրյանն իր ընկերների՝ «Հրայրք» ավանդական պարի խմբի հետ է միացել տարածքների մաքրման գործին, ասում է՝ չգիտեր տագնապի դեպքում ինչ պետք է անի, հիմա արդեն իր դասընկերներին կպատմի ու կփորձի նրանց էլ ներգրավել մաքրման աշխատանքներին:
Արմենակ Ասատրյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Միացել եմ այս նախաձեռնությանը` մտածելով, որ յուրաքանչյուրիս պարտքն է նման աշխատանք իրականացնելը: Սա դեռ պետք է վաղուց արվեր, հիմա աշխատանքները բավական ինտենսիվ են ընթանում, աշխատում ենք ու կաշխատենք, ինչքան անհրաժեշտությունը զգացվի»,- ասաց տարածքների մաքրմանը միացած սոցիալական աշխատող Մելանյա Ռաֆայելյանը:
Թաքստոցների համար նախատեսված տարածքից հանված աղբը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մաքրման աշխատանքներից բացի, նախաձեռնող խումբը կփորձի կահավորել տարածքները: Բավական գործ արդեն արվել է, բայց դեռ շատ անելիք կա. այնպես որ նոր կամավորների օգնող ձեռքերը չեն խանգարի։
Թաքստոցների համար նախատեսված տարածք
© Sputnik / Armenuhi Mkhoyan