ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․Եվրամիությունն էներգետիկ համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ` էներգետիկ ճգնաժամի բարդ պայմաններում։Դա արվել է ոչ ի վնաս մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների առջև մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը և ԵՄ արձագանքը այդ իրադարձություններին:
«Ադրբեջանը մեզ 8 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում։ Այդպես է եղել անցյալ տարի, և այս տարի այդ համաձայնագրի միջոցով մենք կարող ենք այն ավելացնել մինչև 12 մլրդ խորանարդ մետր։ Ավելացումը կկազմի 50 տոկոս»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բարդ պայմաններում անձամբ է մեկնել Ադրբեջան՝ քննարկելու այդ համաձայնագիրը։
«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ էներգետիկ համաձայնագիրը չի կնքվել ի վնաս մարդու իրավունքների կամ ժողովրդավարության»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրախորհրդարանի նիստում ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամինը կոչ արեց անհապաղ պատժամիջոցների փաթեթ նախապատրաստել Ադրբեջանի դեմ։ Ֆրանսիացի պատգամավորը կարծիք հայտնեց, եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։
Հավելենք, որ արևմտյան երկրները բախվել են էներգառեսուրսների գների աճին և գնաճի ավելացմանը՝ ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելուց և ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո։ Վառելիքի, առաջին հերթին՝ գազի թանկացման հետևանքով ԱՄՆ-ում և եվրոպական պետություններում արդյունաբերությունը զրկվել է մրցակցային բազմաթիվ առավելություններից, ինչն ազդել է նաև տնտեսության այլ ճյուղերի վրա։