Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Լին Թրեյսին կարևորել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը ադրբեջանական ագրեսիայից տուծաժ բնակավայրեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Դեսպանը կարևորել է կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի տուծաժ բնակավայրեր:
Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի մասին, անդրադարձել ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել էին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները նույն նպատակով այցելել էին Ջերմուկ։
ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: