ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն խորապես անհանգստացած է, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին: ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն այս մասին գրել է Twitter-ի իր էջում։
«Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,–գրել է նա։
Նշենք, որ այսօր` ավելի վաղ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն էր հայտարարել, որ սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: