Մարիուպոլում գտել են 1944-ի ռմբակոծություններից հետո քաղաքը վերականգնած մարդկանց գրառումը

Ուկրաինական գնդակոծություններից տուժած բնակարանի տերն իր գտածոն խորհրդանշական է համարում։
Sputnik
Մարիուպոլում մարտական գործողություններից տուժած «ստալինյան» տան բնակարաններից մեկի նորոգման ժամանակ հայտնաբերվել է մի գրություն, որը թվագրվում է 1944 թվականով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տանտերը հայտնաբերել է հիտլերյան Գերմանիայի ռումբերի հետևանքով ավերված տունը վերականգնած շինարարների գրությունը։ Նա այդ իրադարձությունը խորհրդանշական է համարում։
Մարտական գործողությունների և ուկրաինացիների գնդակոծությունների հետևանքով խիստ տուժել են Մարիուպոլի պատմական թաղամասերը, նախահեղափոխական և ստալինյան շրջանի կառույցները քանդվել են, բայց այստեղ դեռ մարդիկ են ապրում։ Նրանք իշխանությունից օգնություն են ակնկալում, բայց իրենք էլ ձեռքերը ծալած չեն նստում, փորձում են ինչ–որ կերպ կարգի բերել իրենց տները։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցներն այստեղ հանդիպել են տեղի բնակիչներից մեկին` նախկին նավաստի Իգոր Տյուտչևին։ Նա արդեն փակել է արկի հետևանքով փլված պատը ու հիմա պատրաստվում է լուծել կոտրված պատուհանների հարցը։
«Դեռ իմ հաշվին եմ ամեն ինչ անում։ Ես նյութական փոխհատուցման դիմում եմ ներկայացրել, սակայն հանձնաժողովը դեռ չի եկել։ Բայց ես ամենատուժածը չեմ, դրա համար էլ առաջ չեմ ընկնում»,– ասում է տղամարդը։
1944 թվականին արված գրառումը հենց Իգորն է գտել առաստաղը մաքրելիս։
«Սրանում շատ մեծ խորհուրդ կա», - ասում է նա` նշելով, որ ութսուն տարի առաջ տունը վերականգնել են հիտլերյան ֆաշիստների, իսկ հիմա՝ ուկրաինացի ազգայնականների հարվածներից։
Տյուտչևը լավ գիտի իր թաղամասի պատմությունը, նա կարող է պատմել, թե հեղափոխությունից առաջ որտեղ է եղել այս կամ այն բանկը, վաճառականի տունը: Նա գիտի, որ 1942-ին իր տան վրա գերմանական ավիառումբ է ընկել։
«Ես գիտեի, որ տունը դրանից հետո վերականգնել են, բայց չէի կարող ենթադրել, որ նորոգման ժամանակ ինչ-որ գրառումներ կգտնեմ», - ասել է նա ՌԻԱ Նովոստիին:
Իգորը լավատեսորեն է տրամադրված. շենքերն այն ժամանակ վերականգնել են, հիմա էլ կվերականգնեն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-րդ օրը։