Գերմանիան հուսալի գործընկեր է. Փաշինյանը շնորհավորել է կանցլերին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին Ազգային տոնի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«32 տարի առաջ այս օրը շրջադարձային նշանակություն ունեցավ Գերմանիայի համար՝ նոր էջ բացելով նաև համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի զարգացմանն ու հզորացմանը և գերմանացի ժողովրդի բարգավաճմանը: Այսօր Գերմանիան դարձել է զարգացման, ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման օրինակելի երկիր»,– ասված է ուղերձում։
Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում՝ հիմնված ոչ միայն երկկողմ շահերի, այլև երկու ժողովրդի դավանած ընդհանուր արժեհամակարգի վրա:
ՀՀ վարչապետի խոսքով` այսօր Հայաստանն անցնում է բարդ, բայց միևնույն ժամանակ երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման համար կարևոր մի ճանապարհ` լի բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց հաղթահարման գործում կարևորվում է գործընկերների աջակցությունը:
«Այդ հարցում Գերմանիան՝ որպես ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակից, մեզ համար հուսալի գործընկեր է»,– եզրափակել է Փաշինյանը:
Նա Գերմանիայի կանցլերին մաղթել է նորանոր հաջողություններ:
ՀՀ ազգային փոքրամասնությունները մեր բնակչության անքակտելի մասն են. Փաշինյանը ուղերձ է հղել