Արդեն աշխատանքներ են իրականացվում. քաղաքապետարանը թույլատրել է քանդել «Սուրմալուի» շենքը

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը թուլատրել է քանդել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո կիսափլուզված շենքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Այս պահին արդեն սկսվել են աշխատանքները։ Քանդման գործընթացն իրականացնում է առևտրի կենտրոնի սեփականատերը»,– նշեց Սարդարյանը։
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Սեպտեմբերի 21-ին էլ առևտրի կենտրոնի տարածքում քամու պատճառով կիսավեր շենքի պատի փլուզումից փլատակներում էր մնացել երկու մարդատար մեքենա, բարեբախտաբար տրանսպորտային միջոցների սրահներում քաղաքացիներ չեն եղել։ Այդ փլուզման հետևանքով տուժել էր 3 քաղաքացի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։