Արցախի գյուղերից 2-ը խմելու ջրի նոր ցանց կունենան. ՀՀ ուսանողների նոր նախագիծը

Էրիկ Օդաբաշյանն ու Գոռ Պողոսյանը
Լուսաձոր և Ներքին Սզնեք գյուղերի խմելու ջրի ցանցերը` կառուցված 1960-ականներին, կհիմնանորոգվեն։ Նոր համակարգերում ջրի կորուստները չեն գերազանցի 10%–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Լուսաձոր և Ներքին Սզնեք գյուղերը ջրամատակարարման նոր ցանց կստանան։ Աշխատանքները պիտի մեկնարկեն եկող գարնանը և տևեն շուրջ վեց ամիս։ Նախագիծը Արցախի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով կազմել է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մագիստրանտների թիմը։
Համալսարանում գործում է որոշում, ըստ որի` ուսանողների ավարտական աշխատանքների համար ընտրվում են իրական նախագծեր։ Ուսանողների թիմը Արցախի իշխանություններից ստացել է տեղանքի մանրամասն քարտեզներ և տեխնիկական առաջադրանք։
«Բացի նախագծից, ուսանողները կկատարեն հեղինակային հսկողություն, այսինքն` կգնան Արցախ ու տեղում կաշխատեն շինարարների հետ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը։
Արամ Սահակյան
Լուսաձորի և Ներքին Սզնեքի խմելու ջրի ցանցերը կառուցվել են 1960-ականներին ու խիստ քայքայված են։ Սահակյանի խոսքով` 44-օրյա պատերազմից հետո արցախցիներին վերաբնակեցնելու համար կարևոր է բնակավայրերում ունենալ նորոգված ենթակառուցվածքներ։
Համակարգը սպասարկման մեծ ծախսեր չի պահանջի, քանի որ նախկինի պես լինելու է ինքնահոս։ Բացի այդ, որպեսզի ջուրը մատակարարվի անխափան, որոշվել է հիմնական խողովակը կառուցել օղակաձև սկզբունքով։ «Այդ դեպքում, եթե դրա մի հատվածում վթար առաջանա, այդ հատվածի տներին ջուր կհասցվի օղակի մնացած հատվածներից»,– պատմեց նախագծի համահեղինակ, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Էրիկ Օդաբաշյանը։
Ծառայությունը խանգարո՞ւմ է կրթությանը, կամ պարտված պետությանը տարկետումն էր պակաս
Մյուս համահեղինակը` նույնպես մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գոռ Պողոսյանն էլ ավելացրեց` ջրամատակարարումը հաշվարկվել է մի փոքր ավելի քիչ, քան քաղաքներում` մեկ տնտեսության համար օրական 200 լիտր։ Ավելի լայն տրամագծերով խողովակներ են նախատեսվել գյուղերի մանկապարտեզների ու դպրոցների համար։
Ցանցում տեղադրվելու են պոլիէթիլենային խողովակներ, որոնք գրեթե կվերացնեն ջրի կորուստները. դրանց նախագծային մեծությունը մինչև 10% է, ինչը հայկական պայմաններում շատ բարձր ցուցանիշ է։
Հայ ծրագրավորողները զարգացման նոր նախագիծ են սկսում