Սև օր է. ՖԻՖԱ–ի նախագահը` Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցածի մասին

Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումից հետո անկարգություններ են սկսվել
«Կանջուրուհան» ստադիոնում տեղի ունեցած միջադեպի պատճառով մահացել է 174 երկրպագու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի առաջնության հանդիպումից հետո տեղի ունեցած ողբերգության առիթով։ Տեղեկությունը հրապարակված է ՖԻՖԱ–ի կայքէջում։
Նշենք, որ Ինդոնեզիայի «Կանջուրուհան» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է 174 երկրպագու։
«Ֆուտբոլային աշխարհը շոկի մեջ է այն ողբերգական միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել Ինդոնեզիայի «Կանջուրուհան» մարզադաշտում` «Արեմա» և «Պերսեբայա Սուրաբայա» ֆուտբոլային ակումբների միջև կայացած խաղից հետո (2։3)։ Սև օր է բոլոր նրանց համար, ովքեր ֆուտբոլի հետ կապ ունեն։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս ողբերգական միջադեպերի հետևանքով մահացածների ընտանիքներին և ընկերներին»,– ասված է հաղորդագրությունում։
Ինֆանտինոի խոսքով` այս ծանր պահին ՖԻՖԱ-ի և համաշխարհային ֆուտբոլային հանրության մտքերն ու աղոթքները զոհերի, տուժածների, Ինդոնեզիայի ժողովրդի, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի, Ինդոնեզիայի ֆուտբոլային ասոցիացիայի և Ինդոնեզիայի ֆուտբոլային լիգայի հետ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինդոնեզիայում` ֆուտբոլային հանդիպումից հետո, առնվազն 127 մարդ է մահացել, ևս 180-ն էլ մարմնական վնասվածքներ ստացել։
Հիշեցնենք` խաղից հետո պարտված թիմի կողմնակիցները դաշտ էին մտել, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Դրանից հետո հրմշտոց ու խուճապ է սկսվել։ Մարդկանց մոտ նաև շնչառական խնդիրներ են առաջացել արցունքաբեր գազի պատճառով։
Վլադիվոստոկում կինը փորձել է երկրպագուներին վռնդել մարզադաշտից. տեսանյութ
Դեպքի առնչությամբ իր խորին ցավակցությունն է հայտնել նաև Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։ Նա հանձնարարել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Պետության ղեկավարը նաև կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Ինդոնեզիայի ֆուտբոլի առաջնությունը մինչև հետաքննության ավարտը: