Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ

Եվրոպական դատարան
Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը վաղը դիմումներ կուղարկի Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կառույցի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Համապատասխան կառույցների հետ աշխատում ենք: Փաստերի համադրման արդյունքում, առավոտյան դիմումներ կուղարկենք Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ»,– նշեց Սամվելյանը:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։
Խրամատներ, զենք և ոչ միայն. ինչով են պայմանավորված մեծ կորուստները Ադրբեջանի հետ մարտերում
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: