ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական ԶՈւ-ի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կարևորել են միջազգային հանրության կողմից Ադրբեջանի կատարած՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։
Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
© Photo : official site of MFA of RA
Հիշեցնենք, որ մինչ այդ Միրզոյանը հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, որին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։
Ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որն այսօր առավոտյան արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։
Այսօր առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։