ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի մեխանիզմները` հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին
«Բռնության նման գործողությունները պետք է ուսումնասիրվի պատշաճ կերպով, իսկ ագրեսորը պետք է կրի դրանից բխող բոլոր հետևանքները»,– նշել է Փաշինյանը։
Մեկ այլ գրառմամբ էլ նա շեշտել է, որ ադրբեջանցի զինվորները սպանում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի այդ ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կատարած ռազմական հանցագործությունների համար:
Դիվանագետը Twitter-ում մեկնաբանություն է թողել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «թվիթին»՝ կապված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ գերիների գնդակահարության տեսագրության հրապարակման հետ:
«Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ վայրագությունների համար»,-գրել է դիվանագետը։
Նա իր մեկնաբանության մեջ նշել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օգտահաշիվները:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։